շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշելու Ռոբերտ Քոչարյանի ազատման հարցը

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշելու Ռոբերտ Քոչարյանի ազատման հարցը

Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերած պաշտպանական կողմի բողոքը:

Նշենք, որ պաշտպանական խումբը խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդության մերժումը հիմնավոր չէր համարում։

Գործով դատախազներն ու տուժողների ներկայացուցիչները առարկել էին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։

Մարտի 1-ի դեպքերից տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանն այսօր ընթացող նիստի ժամանակ դատարանին հայտնեց, որ Քոչարյանի համար երաշխավոր կանգնած Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նախկինում Ղրիմում հետախուզման մեջ է եղել։

Դանիելյանին հաջողվել է վերադառնալ Արցախ, իսկ Քոչարյանը նրան «ներում» է շնորհել, ՀՀ քաղաքացիություն տվել ու վարչապետի պաշտոնում նշանակել։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց Եգորյանի ասածները` հայտնելով, թե այդ նյութերը որևէ կապ չունեն քննվող գործի հետ, ավելին` դրանք հիմնված են Ղրիմում հրապարակված մեկ հոդվածի վրա, որի իսկությւոնը ստուգված էլ չէ։  

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։



 





  • Կիսվել: