շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանում հրապարակվեց Վլադիմիր Գասպարյանի նախաքննական ցուցմունքը

Դատարանում հրապարակվեց Վլադիմիր Գասպարյանի նախաքննական ցուցմունքը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 1-ին, հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը։

Դատարանը ընթերցեց 2019 թվականի փետրվարի 1-ին տրված ցուցմունքը, ըստ որի՝ Գասպարյանն իր աշխատանքային գործունեության ընթացքոմ բնակարանային կարիք ունեցող ծառայողներին տարիներ շարունակ հատկացրել է բնակարաններ ՀՀ տարածքում։

Նրա խոսքով՝ բնակարանների տրամադրման գործընթացը հստակ կարգավորված է նորմատիվ իրավական ակտերով․ «Ընդ որում, ես՝ որպես ոստիկանապետ, որոշակի խմբերում գտնվող ծառայողներին բնակարանները տրամադրել եմ արտահերթ։ Գործընթացը կազմակերպվել է Ոստիկանության տնտեսական վարչության կողմից, վարչության պետը համաձայնեցրել է գործընթացը գերատեսչությունների հետ, կազմվել են փաստաթղթերը և ներկայացվել ինձ, ինչից հետո հրամանն իմ կողմից ստորագրվել է։ Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար ոչ մի թեկնածու նախապես տեղեկացված չի եղել, որ բնակարան է ստանալու, այդ մասին նրանք տեղեկացել են այն ժամանակ, երբ հրամանն իմ կողմից ստորագրվել է»։

Քննիչի հարցին, թե ինչ հիմքերով է բնակարան հատկացվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Զաքարյանին և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Գարեգին Գասպարյանին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է․ «Նույն սկզբունքներից ելնելով՝ ընդհանուր կարգով և որպես խրախուսում։ Գարեգին Գասպարյանը և Ռաֆայել Զաքարյանը Արցախյան պատերազմի մասնակից են եղել, գերազանց ծառայել են ոստիկանությունում, անցած ուղի ունեին և ունեին նաև բնակարանի կարիք։ Գարեգին Գասպարյանը Հայաստանում ապրել է վարձով, ընտանիքը բազմանդամ էր, դիմում էր ներկայացրել բնակարան ստանալու համար, Ռաֆայել Զաքարյանի ընտանիքը բազմանդամ էր, բնակվում էր փոքր բնակարանում, այսինքն՝ ուներ բնակարանի կարիք»։

Հարցին՝ Ռաֆայել Զաքարյանին և Գարեգին Գասպարյանին հատկացված բնակարանների վերաբերյալ բնակարանային գործ կազմվե՞լ է, նախկին ոստիկանապետը պատասխանել է․ «Ծառայողներին, այդ թվում՝ նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպվել է ընդհանուր կարգով՝ վարչության պետի կողմից։ Ես՝ որպես ոստիկանապետ ծառայողներին բնակարաններ հատկացնելու վերաբերյալ կազմված փաստաթղթերն անձամբ չեմ ստուգել, նման գործառույթ չեմ ունեցել, ֆիզիկապես հնարավոր էլ չի եղել, դրա պատասխանատուն համապատասխան վարչության պետն է եղել։ Եթե ինձ ներկայացվել էր արդեն բնակարան հատկացնելու մասին հրաման, ապա արդեն իսկ օրենքով սահմանված կարգով կազմված է եղել ողջ փաթեթը»։

Հարցին՝ ինչո՞վ կբացատրի այն հանգամանքը, որ իր կողմից արձակված հրամաններում հիշյալ անձանց բնակարանները տրվել են ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, այն դեպքում երբ բնակարանները հատկացվում են դրա կարիքն ունեցողներին, Գասպարյանը պատասխանել է․

«Բնակարանները տրվել են ոչ թե ցանկությամբ, այլ օրենքով սահմանված կարգով, դրա կարիքն ունեցող անձանց։ Ես չգիտեմ, թե ինչպես է ստացվել, որ ներկա պահին երկու բնակարանների վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են։ Համոզված եմ, որ Խանզատյանը չէր կարող առանց փաստաթղթերի չէր կարող կազմել հրամանի նախագիծ, ներկայացներ ինձ, զեկուցեր ինձ, որ այդ անձինք համապատասխանում են չափանիշներին»։

Հարցին՝ արդյո՞ք ինքը իրավասու եղել է ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար բնակարանով խրախուսել ծառայողներին, Գասպարյանն ասել է․ «Որևէ կասկած չունեմ իմ ստորագրած հրամանի իրավաչափության վերաբերյալ։ Նման տերմին հրամանում օգտագործվել է, սակայն ղեկավարվել եմ կառավարության համապատասխան որոշումներով»։

Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանը եւ Լեւոն Երանոսյանը կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

  • Կիսվել: