Դատարանների առաջնային խնդիրներից է նրանց արտաքին և ներքին անկախության երաշխավորումը․ ՄԻՊ
Դատարանների առաջնային խնդիրներից է նրանց արտաքին և ներքին անկախության երաշխավորումը: Այս մասին այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այսօր դատարաններին առնչվող առաջնային խնդիրներից է նրանց, թե՛ արտաքին, թե՛ ներքին անկախության երաշխավորումը: Անկախության պակասի ու կոռուպցիոն դրսևորումների պատճառով ցածր է վստահությունը դատարանի նկատմամբ: ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքները վկայում են այն մասին, որ առկա են նույնիսկ դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությանը»,- ասաց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև, որ դատական համակարգում քիչ չէ այն դատավորների թիվը, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը: Արման Թաթոյանն անդրադարձավ նաև դատական համակարգում առկա մարդու իրավունքների խախտումներին: