Դատապարտյալների պայմանները չպետք է լինեն հիանալի և հրաշալի, կամ ճոխ. Սրբուհի Գալյան
Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, քրեական գործ է հարուցվել, ես կարծում եմ, որ քրեական գործի հետագա ընթացքը ցույց կտա։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, երբ թաղապետը մարդ էր ծեծել:
«Պետք է հարուցվեր քրեական գործ, այն հարուցվել է դեպքի առթիվ։ Ես բոլոր տեսակի բռնությունները դատապարտում եմ: Ես չեմ կարող կարող վերցնել տվյալ անձին և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ՝ անգամ շատ մեծ ցանկության դեպքում»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ «եթե ծեծում է, ուրեմն սիրում է», նախարարն արձագանքեց. «Չէ, ծեծը դատապարտելի է, ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի է, և նաև մենք վերջերս շատ ենք խոսում ատելության խոսքի, անհանդուրժողականության, բռնության կոչերի և այլ մի մասին, և այս ուղղությամբ նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք պատրաստում»:
Նա ընդառաջեց լրագրողների առաջարկությանը՝ լրագրողների շրջանց կազմակերպել ՔԿՀ-ներում. «Անազատության մեջ գտնվող անձանց իրավունքները և դրանց ապահովումը, այո, շատ կարևոր է: Մենք այստեղ պետք է նկատի ունենանք մեկ կարևոր հանգամանք։ Պետությունը ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու նորմալ պայմաններ, և այդ պայմանները, ինձ թվում է, պարզից էլ պարզ է, որ պետք է չլինեն հիանալի և հրաշալի, կամ ճոխ։ Մենք հիմա մեր քաղաքականություն տանում ենք այն ուղղությամբ, որ պատշաճ պայմաններ ապահովենք անազատության մեջ գտնվող անձանց համար: Խոսքը և պահման պայմանների մասին է, և առողջության իրավունքի իրացման մասին է:
Կարծում եմ, որ մոտ ապագայում արդեն իսկ մեր կողմից ձեռնարկված քայլերի իրենց արդյունքը կտան, մենք շարունակական վերանորոգումներ ենք իրականացնում»: