ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատապարտյալների ներման կարգում փոփոխություններ են նախատեսվում

Դատապարտյալների ներման կարգում փոփոխություններ են նախատեսվում

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ:

Նախատեսվել են ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, ինչպես նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ:

Մասնավորապես, ինչպես խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, այն ցմահ դատապարտվածները կարող են ներման խնդրագիր ուղարկել, եթե արդեն կրել են ազատազրկման ժամկետից 15 տարին։

Դրանից բացի, ըստ փոխնախարարի, կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ:

«Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

 

  • Կիսվել: