կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է ՀՀ-ում Իրանի դեսպանության հետ․ Վարդապետյանը՝ Սոբհանիին

Դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է ՀՀ-ում Իրանի դեսպանության հետ․ Վարդապետյանը՝ Սոբհանիին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ, նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի:

Դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումը՝ նվիրված հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, անցկացնել 2023 թվականի ավարտին՝ Երևանում:

Անդրադառնալով իրանական կողմի՝ քրեական գործերի քննության ձգձգման վերաբերյալ դիտարկմանը, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են հանդիսանում Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում և հավելել, որ գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

  • Կիսվել: