ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունը մերժել է հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունը

Դատախազությունը մերժել է հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունը

Դատախազությունը մերժել է տարբեր քրեական գործերով մեղադրյալներ Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորությունները: Ըստ դատախազության՝ անհիմն է փաստարկը, թե հետախուզումը հնարավորություն չի տալիս հատել ՌԴ սահմանը:

«Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու մեղադրյալների նկատմամբ էլ ՌԴ իրավապահ մարմինների կողմից իրենց իրավազորության տարածքում հետախուզում հայտարարված չէ, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նրանք մինչ օրս, օգտվելով նշված հանգամանքից, ազատ տեղաշարժվում են ՌԴ տարածքում: Այսինքն՝ անհիմն են միջնորդություններով ներկայացված փաստարկն առ այն, որ հայտարարված հետախուզումը հնարավորություն չի տալիս իրենց հատել ՌԴ սահմանը: Ինչ վերաբերում է մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխմանը կամ վերացմանը, ապա դատարանը Գ. Կոստանյանի պարագայում գտել է, որ առկա է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր ռիսկ, իսկ Մ. Պողոսյանի պարագայում դատարանը նաև բարձր է գնահատել հավանականությունը, որ մնալով ազատության մեջ, նա կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա: Նշված ռիսկերը չեն վերացել, իսկ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցն օրենքով սահմանված կարգով կարող է քննարկվել միայն վերջիններիս կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո: Ինչ վերաբերում է Մ. Հարությունյանին, ապա նրանից կամ պաշտպանից ՀՀ դատախազությունը որևէ միջնորդություն չի ստացել»,- հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

  • Կիսվել: