ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունը ևս ենթարկվելու է վեթինգի՝ Արթուր Դավթյանի հետ կամ առանց նրա․ Բաբաջանյանը՝ ի պատասխան գլխավոր դատախազի ԱԺ եզրափակիչ ելույթի

Դատախազությունը ևս ենթարկվելու է վեթինգի՝ Արթուր Դավթյանի հետ կամ առանց նրա․ Բաբաջանյանը՝ ի պատասխան գլխավոր դատախազի ԱԺ եզրափակիչ ելույթի

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. ՛՛Այս շաբաթասկզբին Ազգային ժողովում դատախազության 2019 թվականի հաղորդման քննարկման ժամանակ ես հանդես եկա ելույթով, որում ներկայացրեցի դատախազության գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք տեղ չէին գտել հաղորդման մեջ։ Ես խոսել էի մասնավորապես Մարտի 1-ի գործով դատապարտվածների արդարացումների դանդաղ տեմպի, Մարտի 1-ի գործով անցնող առանցքային դերակատարների՝ Հայաստանից փախուստի մասին, այդ համատեքստում անդրադարձել էի հատկապես Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործին՝ հիշեցնելով, որ Դատախազությունը չի միացել այդ գործով վճռաբեկ բողոքին։

Մարտի 1-ի հետ առնչություն ունեցող գործերի թվում հիշատակել էի նաև Արմեն Թավադյանի գործը։ Իմ ելույթում խոսել էի նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի աղմկահարույց գործի մասին, անդրադարձել էի Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մայր գործին, իրականում այդ գործի սառեցված ընթացքին, Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստանից փախուստին։ Հիշատակել էի տարբեր քրեական գործերով անցնողների՝ երկրից ճողոպրելու դեպքերը՝ Միքայել Հարությունյան, Միհրան Պողոսյան, Գևորգ Կոստանյան, Արամ Հարությունյան, Միքայել Մինասյան, Գագիկ Բեգլարյան, Գուրգեն Խաչատրյան և այլն։

Ելույթում հիշեցրել էի նաև երջանկահիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքների ու այդ հարցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված անպատասխան մեղադրանքների մասին։ Ընդհանուր առմամբ, այդ հաղորդման վերաբերյալ իմ ելույթը բաղկացած էր տասնյակ կոնկրետ հարցերից, որոնց պատասխաններն ակնկալում էի լսել Գլխավոր դատախազից։ Արթուր Դավթյանն իր ելույթում տպավորություն ստեղծեց, թե պատասխանում է իմ բարձրաձայնած հարցերին, սակայն իրականում նրա կողմից ներկայացվածը պատասխաններից խուսափելու, պատասխանները լղոզելու անհաջող փորձեր էին։ Ազգային ժողովում վերջին օրերին շատ ծանրաբեռնված էի, ուստի հիմա պատասխանում եմ իմ կողմից շատ հարգված գլխավոր դատախազին։

Գլխավոր դատախազի՝ իմ ելույթին նվիրված պատասխաններում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, թե ես իբրև թե ունեմ տեղեկատուներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ ինձ լավ չեն տեղեկացրել։ Դժվարանում եմ ասել՝ ինչ նպատակով էր նման միտք արտահայտում Արթուր Դավթյանը, սակայն ես չեմ հրաժարվում, որ, այո, աշխատանքի բերումով ունեմ տեղեկատվության ամենատարբեր աղբյուրներ, որոնց թվում է, ի դեպ, նաև ինքը՝ Գլխավոր դատախազը, դատախազության, ոստիկանության և քննչական մարմինների այլ ներկայացուցիչներ։

Ես իմ՝ ինչպես լրագրողական, այնպես էլ պատգամավորական գործունեությունը կառուցել ու կառուցում եմ տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ինչը բարձրացնում է այդ տեղեկությունների արժանահավատությունը՛՛:

 

  • Կիսվել: