երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դատախազության ցուցումով Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

Դատախազության ցուցումով Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական կեղծիք կատարելը), իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական կեղծիք կատարելը):

Ըստ աղբյուրի, վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար: «Այդ մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար», -փոխանցեցին ՀՔԾ-ից:

Նշենք, որ ավելի վաղՀՔԾ-ն Արա Բաբլոյանին մեղադրում էր իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, Արսեն Բաբայանին՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար: Սակայն Գլխավոր դատախազության կարծիքով՝ նախկին պաշտոնյաները իշխանությունը չեն յուրացրել. Բաբլոյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իսկ Բաբայանը՝ օժանդակել այս արարքի կատարմանը։ Նկատենք՝ նախկին երկու պաշտոնյաներն էլ մեղադրանքը չեն ընդունում։

  • Կիսվել: