չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին

Դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձավ ձերբակալության որոշումները դատարանների կողմից ոչ իրավաչափ ճանաչելու պրակտիկային:

«Մենք ունեինք ժամանակ, երբ ձերբակալումը դատարանում չէր վիճարկվում, եթե չեմ սխալվում՝ դա 2015-2016 թվականներից սահմանվեց: Դրանից մեկ-երկու տարի անց էլ չեք հիշի դեպք, որ դատարանները որևէ անձի ձերբակալում ճանաչած լինեն ոչ իրավաչափ: Այսինքն՝ ունեցել ենք կարծրացած պրակտիկա, որ մենք մի օր հեղափոխել ենք, տվել ենք դատարանին հնարավորություն, և օրենսդրական մակարդակում էլ ունեցել ենք դրան ոչ համարժեք կարգավորումներ: Ինչո՞ւ եմ ասում ոչ համարժեք. երբ մենք ձերբակալման հիմքերի և նպատակների վերլուծություն ենք իրականացնում, տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կա, բայց դա չի տեղավորվում մեր օրենսդրությամբ սահմանված ձերբակալման հիմքերի ու նպատակների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սրա հետ կապված առաջին խնդիրը համարում ենք օրենսդրական»,- նշեց Արթուր Դավթյանը:

Ըստ նրա՝ քանի որ նախկինում ձերբակալության որոշումները չեն բողոքարկվել դատարանում, քննիչները ձերբակալման արձանագրություններն օրենքին համապատասխան չեն կազմել: «Համեմատած նախորդ տարվա, դրանից ավելի առաջվա հետ, ձերբակալման արձանագրություններն անհամեմատ ավելի որակով են»,- ասաց Դավթյանը:

 

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև ձերբակալման արձանագրությունների վերաբերյալ դատարանների մեկնաբանություններին: «Դատարանների կողմից այնպիսի մեկնաբանություններ ունենք, որ եթե նախադեպ դարձնենք, գործնականում ոչ մեկին չպետք է ձերբակալենք,- ասաց նա՝ ամփոփելով,- կարծրացած պրակտիկա, իր հետ բերած բազում թերություններ, և այսօր դատարանների կողմից շատ հաճախ ճիշտ հակառակ մեկնաբանություններ»:

  • Կիսվել: