շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
31-ամյա երևանցուն սպանության համար ձերբակալվել է 48-ամյա Գավառի բնակիչը

31-ամյա երևանցուն սպանության համար ձերբակալվել է 48-ամյա Գավառի բնակիչը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։
Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին:

Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի Սայադյան փողոցի մի տնից: Նշված տան զննությամբ՝ 1-ին և 2-րդ հարկերում հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 20.00-ի սահմաններում վերոհիշյալ տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գավառցի 48-ամյա տղամարդը դանակահարել էր 31-ամյա երևանցուն, ինչի հետևանքով նա մահացել էր:

48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: