շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցմահները կարող են ազատ արձակվել, եթե նրանք 15 տարի պատիժ են կրել. Նախագիծը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում

Ցմահները կարող են ազատ արձակվել, եթե նրանք 15 տարի պատիժ են կրել. Նախագիծը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց կառավարության ներկայացրած «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի մշակման աշխատանքներում կառավարությանը աջակցել են «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: Նկատենք՝ օրինագիծը հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում: Նախագիծը հանձնաժողովականներին ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Նրա խոսքով, նախագծի ընդունմամբ փորձում են ավելի թափանցիկ և հաշվետու դարձնել ներում շնորհելու ինստիտուտը: «Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես, այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- նշեց Գալյանը:

Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը: Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտվածներին, ապա ըստ փոխնախարարի, նրանց ներում կարող է շնորհվել, եթե նրանք կրել են ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին: Նախագծի ընդունմամբ, ըստ պաշտոնյայի, ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը:

  • Կիսվել: