ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Չկան այն երաշխիքները, որոնք կպաշտպանեն փաստաբանական գաղտնիքը. Սարգիս Գրիգորյան

Չկան այն երաշխիքները, որոնք կպաշտպանեն փաստաբանական գաղտնիքը. Սարգիս Գրիգորյան

Իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս չի թույլատրվում փաստաբանին խուզարկել, ինչը նշանակում է, որ ցանկացած պարագայում խուզարկման նպատակ չի կարող հանդիսանալ հենց փաստաբանական գաղտնիքի խախտումը, դա ծայրահեղ, խիստ բացառիկ դեպքերում կարող է լինել հետևանք, բայց ոչ մի դեպքում նպատակ: Այս մասին այսօր «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ փաստաբանները պետության պաշտպանության ներքո չեն գտնվում․

«Բոլոր միջազգային իրավական փաստաթղթերում հաստատված է դարերով եկած այն սկզբունքը, որ տեղեկությունները և ապացույցները, որոնք ձեռք են բերվել իրավաբանական, փաստաբանական գործունեության արդյունքում, պաշտպանված են։ Վերջին երկու տարիների ընթացքում բոլորը խոսում են անկախ դատարանների, անցումային արդարադատության, գալիք հանրաքվեի մասին, բայց անտեսում են փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը»։

Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ խուզարկության արգելքին և նշեց, որ փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը, կամ գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ խուզարկությունների և վերահսկման որոշումների կայացման գործընթացում դատարաններում ներգրավում են նաև փաստաբանների պալատի նախագահին: «Հայաստանից փաստաբանական գաղտնիքի խախտման վերաբերյալ առ այսօր գանգատ չի ներկայացվել ՄԻԵԴ, որը մի կողմից լավ է, մյուս կողմից վատ: Վատն այն է, որ փաստացի Հայաստանում չկան այն պրակտիկ երաշխիքները, որոնք կպաշտպանեն փաստաբանական գաղտնիքը»,-ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: