ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. Դա սադրում է բռնություն. ՄԻՊ

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. Դա սադրում է բռնություն. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա մասնավորապես նշել է․

«Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարեւորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության եւ դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետեւանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող եւ հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված եւ թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որեւէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար:

Ուստի, այստեղ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները եւ սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ եւ ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։

Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»:

  • Կիսվել: