չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեկնարկել էր «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատական նիստը։

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմն ասաց, որ իրենք չեն ծանոթացել վարույթի նյութերին, ընդ որում` ոչ իրենց մեղքով: Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ վարույթի նյութերը դատարանին տրամադրվել են հուլիսի 12-ին, իսկ Ավետիք Չալաբյանին` հուլիսի 20-ին:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին` Հարությունյանը նշեց, որ Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին վարույթի նյութերին ծանոթացման համար 4 կամ 5 օր տրամադրելը ողջամիտ ժամկետ չէ: Սակայն Մնացական Մարտիրոսյանը պնդեց, որ պաշտպանն ինքը կարող էր ծանոթանալ գործի նյութերին։ Շուրջ մեկուկես ժամ քննարկումից հետո ի վերջո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը: Մնացական Մարտիրոսյանը նրանց գործողությունները որակեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ հայտարարեց մեկ ժամ ընդմիջում։

Ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը նշեց՝ եթե Չալաբյանի պաշտպանները նիստին չներկայանան, ապա ինքը պետք է դիմի Հանրային պաշտպանի գրասենյակ՝ նոր պաշտպան տրամադրելու համար։

Չալաբյանն ասաց, որ իր համար հանրային պաշտպան ունենալն անընդունելի է։ Նա կոչ արեց վերականգնել իր պաշտպանների իրավունքը։

Դատարանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց վաղը՝ 16։30-ին։

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է մայիսի 14-ին՝ ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու նպատակով ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։

  • Կիսվել: