չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ցավոք, դեռևս ունենք դեպքեր, երբ լրագրողները տարբեր իրավիճակներում ենթարկվում են բռնության. ՄԻՊ

Ցավոք, դեռևս ունենք դեպքեր, երբ լրագրողները տարբեր իրավիճակներում ենթարկվում են բռնության. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իր տարեկան զեկույցում  արձանագրել է նաև ցավալի դեպքեր, երբ լրագրողները  տարբեր իրավիճակներում ենթարկվել են բռնության:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Այս առումով մտահոգիչ է, որ մենք մայիսի 2-ին էլ ունեցանք նման դեպքեր, երբ մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողը ենթարկվել էր բռնության՝ հատկապես անվտանգության ոլորտում բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի կողմից: Սա խիստ մտահոգիչ է, և մենք հատուկ հայտարարությամբ անդրադարձել էինք այս դեպքին և հետևողական ենք լինելու, որ այս հարցում մեղավորներն անպատիժ չմնան»,-ասաց նա:

Պաշտպանը, անդրադառնալով գրասենյակի ստացած դիմում-բողոքների ուսումնասիրությանը, նշեց, որ ստացվել է տեղեկատվության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ  87 դիմում-բողոք: Շատ հաճախ այդ բողոքների ուսումնասիրությունը  թույլ է տվել գալ այն եզրահանգմանը, որ շատ հաճախ պետական հաստատությունների կողմից տեղեկատվության հարցման պատասխանները տրվում են ժամկետների ուշացումներով, երբեմն նաև բովանդակազուրկ պատասխաններ են լինում:

Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիության մասին՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։

«Չափազանց կարևոր է լրագրողների դերակատարությունը ատելության, բևեռացված և անհանդուրժողական խոսքի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև որևէ նյութի կամ հաղորդման ներքո ծավալվող քննարկումներում ծայրահեղ մեկնաբանությունները հեռացնելու համար»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում այս խնդիրը շատ արդիական է, պատասխանատու լրագրության տեսակետից ու անգամ վերնագրերերի ընտրության մեջ ոչ հետևողականությունը շատ դեպքերում  կարող է ստվերել այն արժեքավոր նյութը, որը լրագրողը մեծ ջանասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով պատրաստել է:

  • Կիսվել: