հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բոլորը պարտավոր կլինեն ենթարկվել Սահմանադրությանը. նախարարության արձագանքը Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին

Բոլորը պարտավոր կլինեն ենթարկվել Սահմանադրությանը. նախարարության արձագանքը Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ համոզված է՝ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը իրեն չի վերաբերում, ինքը շարունակելու է որպես ՍԴ անդամ պաշտոնավարելը, իսկ եթե փորձեն հեռացնել, ապա կդիմի Վարչական դատարան, իսկ ներպետական ատյանները սպառելուց հետո՝ նաև Եվրադատարան:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը ընդունել է Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի:

ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է

«էմոցիոնալ հայտարարություններ չենք մեկնաբանում: Ուժի մեջ մտնելու պահից բոլորը պարտավոր կլինեն ենթարկվել Սահմանադրությանը»:

Սակայն ընդգծենք, որ երեկ ընդունվել է նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի միայն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն: Սակայն նկատենք, որ նախագահականից դեռեւս չեն շտապում մեկնաբանել տեղի ունեցածը: Նրանք առաջիկայում պատրաստվում են պարզաբանում ներկայացնել: Նկատենք, որ նախագահն ունի օրենքով սահմանված 21-օրյա ժամկետ՝ մինչ ստորագրելը։

  • Կիսվել: