հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բնակարանային գողությունից հետո «Տոյոտա» մեքենան տարել են կամրջի տակ ու հրկիզել․ կան մեղադրյալներ

Բնակարանային գողությունից հետո «Տոյոտա» մեքենան տարել են կամրջի տակ ու հրկիզել․ կան մեղադրյալներ

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, ինչպես նաեւ վերջինիս ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը:

Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1993, 1996 եւ 1995թթ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ.,  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով նույն քաղաքի եւս երկու բնակչի հետ՝ ծնված 1996 եւ 1995թթ.,  2019 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 02:00-ից մինչեւ 05:00-ն ընկած ժամանակահատվածում,  պատուհանը կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Երեւան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող բնակարաններից մեկի նկուղ, այնուհետեւ՝ նշված բնակարան եւ հափշտակել տարբեր տեսակի թանկարժեք իրեր:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, նշված բնակարանի խոհանոցի սեղանից վերցրել է «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենայի բանալին, որը կայանված է եղել շենքի հետնամասում, դուրս է եկել բնակարանից, եւ վերը նշված երկու երիտասարդների հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտակելու նպատակի տիրանալով նշված ավտոմեքենային, տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող կամրջի տակ, որտեղ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել  է այն՝ ընդհանուր առմամբ պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 18.018.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ: 26-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի՝ ռազմամթերք հանդիսացող մեկ հատ մարտական փամփուշտ: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: 23 եւ 24-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: