հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԲԴԽ նախագահի փոփոխությամբ ԲԴԽ-ում մեծ փոփոխություններ չեն կարող լինել. Մակյան

ԲԴԽ նախագահի փոփոխությամբ ԲԴԽ-ում մեծ փոփոխություններ չեն կարող լինել. Մակյան

Բոլորիդ էլ հայտնի է, թե ձայնագրությունն ինչ պայմաններում էր տեղի ունեցել: Ամբողջ դատական համակարգի վրա տարածել, ասել, թե բոլորը վախենում են, որ իրենց կձայնագրեն, մի քիչ ռեալ չեմ համարում: Այս մասին այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը՝ խոսելով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից իր ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը ձայնագրելու եւ հրապարակելու մասին:

Նա նշեց, որ ինքն այնպիսի բան չի խոսել, որ մտավախություն ունենա, թե դա կարող էր ձայնագրվել ու իր դեմ օգտագործվել:

Լրագրողների հարցին, թե ի՛նչ է փոխվել այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը լքել է, Մակյանը պատասխանեց. ՛՛Փոխվել է այն, որ այսօր այն սահմանագծին ենք աշխատում, որ երբեմն քվորում չի ապահովվում, ընդամենը քանակային առումով: ԲԴԽ նախագահը ղեկավար չէ, նա հավասար ձայներից օգտվող անձ է, ընդամենը արտաքին հարաբերություններում ապահովում է ԲԴԽ շփումները: ԲԴԽ նախագահի փոփոխությամբ ԲԴԽ-ում մեծ փոփոխություններ չեն կարող լինել՛՛:

Մակյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք հիմա կա՞ն դատավորներ, որ նախկին իշխանության ազդեցության տակ են: Այս առնչությամբ նա ասաց, որ չի ուզում տարանջատում անել, դատավորը ներքին անկախություն պետք է ունենա:

Խոսելով 2018-ի կոռուպցիոն գործերի մասին, որոցով մինչ այժմ որոշումներ չեն կայացվել՝ Մակյանն ասաց. ՛՛Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը խայտառակ մակարդակի է: Երբ ես նոր էի դատավոր աշխատում, Աջափնյակի դատարանը կարող էր տարեկան ստանալ 100 գործ, իսկ հիմա ամեն դատավորի վարույթում 200 քրգործ կա: Դրա համար դատական նիստերը ձգձգվում են: Այնպես չէ, որ քաղաքական իշխանությունը միջամտում է, որ ձգձգվեն: Հակառակը, բոլորն այս պահին, այդ թվում քաղաքական իշխանությունը, շահագրգիռ են, որ նույն կոռուպցիոն գործերով կայացվեն դատական ակտեր՛՛:

ԲԴԽ անդամը նշեց նաեւ, որ համաձայն չէ պնդումներին, թե ավելի հաճախակի են դարձել կալանքի որոշումները, եւ դա պատժի միջոց է դարձել. ՛՛Ես համաձայն չեմ: Եթե վերջին 5 տարվա վիճակագրությունը նայենք, տարիներ շարունակ Հայաստանում կալանավորվածների եւ դատապարտյալների թիվը եղել է 4,5-5 հազար: Այսօր հազիվ երկու հազար է: Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է՛՛:

Լրագրողների դիտարկմանը, որ գուցե քաղաքական հնչեղություն ունեցող գործերչով են ավելի հաճախ կալանքի որոշումներ կայացվում, նա արձագանքեց. ՛՛Ինչո՞ւ չեք նաեւ ասում, որ այսինչ քաղաքական կամ հնչեղություն ունեցող գործով այսինչ անձը ազատ արձակվեց: Այդ բոլորը լռության են մատնում, բայց կալանավորումները մեծ ռեզոնանս են առաջացնում՛՛:

Իսկ հարցին, թե արդյոք վախենու՞մ է վեթինգից, Մակեյանը պատասխանեց. ՛՛Իհարկե ոչ՛՛:

  • Կիսվել: