երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԲԴԽ-ն որևէ հայտարարություն չի արել պատգամավոր Բաբաջանյանի կողմից դատավոր Սարգսյանին թիրախավորելու վերաբերյալ. Վարդազարյան

ԲԴԽ-ն որևէ հայտարարություն չի արել պատգամավոր Բաբաջանյանի կողմից դատավոր Սարգսյանին թիրախավորելու վերաբերյալ. Վարդազարյան

«Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» սեմինարի ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ-ն որևէ հայտարարություն չի արել պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Դատավոր Հրաչիկ Սարգսյանին թիրախավորելու վերաբերյալ, քանի որ դատավորը ցանկություն է հայտնել դիմել դատարան։

Հիշեցնենք, որ «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանը դատավոր Հրաչիկ Սարգսյանի վճռով ազատ էր արձակվել, ինչից հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել դատավորի հասցեին՝ նշելով, որ նա նախկին իշխանությունների օրոք հարստություն է դիզել և կոռումպացված դատավոր է։

Վարդազարյանի խոսքով՝ Բաբաջանյանի այս հայտարարություններից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է դատավոր Հրաչիկ Սարգսյանին, լսել է նրա կարծիքը, և նաև դատավորի կարծիքը հաշվի առնելով՝ որոշում էր կայացվել, որ ԲԴԽ-ին չպատասխանի, այլ Հրաչիկ Սարգսյանն իր պաշտպանության հարցով կդիմի դատարան։

Նա նշեց նաև, որ, իր դիտարկմամբ, 2019 թ-ի վիճակագրության համաձայն դատական ակտերի 96 տոկոսը չի բողոքարկվում։

Վարդազարյանն այս առնչությամբ ասաց. «Այս ամբողջ աղմուկը 4 տոկոսի մասին է։ Երբ իշխանության ներկայացուցիչը կամ քաղաքական գործիչը իր քաղաքական քիմքին տհաճ որոշում է տեսնում՝ շատ հեշտ է ասել վստահություն չկա, դատավորն է մեղավոր, իսկ լուրջ վերլուծություն դատական ակտի տեսե՞լ եք։

Միգուցե ճիշտ է Արման Բաբաջանյանը, միգուցե 100 տոկոսով սխալ է ասում, բայց առանց դատական ակտը կարդալու, առանց ինֆորմացիային տիրապետելու, ինչպե՞ս կարելի է ասել, որ այ եթե արդարացրեց, ուրեմ կաշառվել է, սա անեկդոտային իրավիճակի կբերի, որովհետև ես էլ կարող եմ ասել, եթե մարդը հասել է 80 տարեկան չի մահացել ու սոված չի՝ ուրեմն ամբողջ կյանքում կոռուպցիայով է զբաղվել, սրանք անհիմն հայտարարություններ են»

 

  • Կիսվել: