ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՊԵԿ ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով․ ՔԿ

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՊԵԿ ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով․ ՔԿ

2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության բաժնի օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, որտեղ նշված բնակավայրի բնակիչը, չենթարկվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը. վերջինս, բահով հարվածելով օպերլիազորներից մեկի աջ նախաբազկին, գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այնուհետև, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, բահով հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենային և պատճառել զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում Բագրատաշեն բնակավայրի բնակիչը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Օպերլիազորը ճանաչվել է տուժող , նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: