Բացահայտվել է խարդախությամբ զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Թ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


