հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ-ում քննարկվում է ՆԳ նախարարության ստեղծման վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է ՆԳ նախարարության ստեղծման վերաբերյալ նախագիծը

ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Խոսքը վերաբերում  է ՀՀ ներքին գործերի նախարարություն ստեղծելուն:

Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծերի փաթեթում որոշ փոփոխություններ են արվել:

«ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը: Ամեն դեպքում կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը:

Կառավարությունը պարզապես նոր նախարարության ստեղծման փաթեթ չի ներկայացրել այսօր, այլ որակական առումով մենք կտեսնենք թե՛ փրկարար ծառայության, թե՛ ոստիկանության և թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում փոփոխությունների իրականացում»,- ասաց Սարգսյանը:

Իր ելույթում գործընթացը չափազանց կարևոր ու արդիական գնահատեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մենք այլևս հնարավորություն ունենք ունենալ քաղաքական որոշակի վերնաշենք, որը հնարավորություն կտա ապահովել նաև ներքին գործերի ոլորտում իրագործվող քաղաքականության համար պատասխանատվությունը»,- ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: