հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանն է արժանացել երկու նոր նախագիծ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանն է արժանացել երկու նոր նախագիծ

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2021 թվականի հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել լուծել քրեական գործերով Կոմիտեի դեպոզիտային հաշվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետևանքով պետությանը և հասարակությանը պատճառված վնասների վերականգման գործընթացը, այդ թվում նաև՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումը:
Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար:

Մինասյանը ներկայացրել է մեկ այլ փոփոխություն՝ Կոմիտեի մասին օրենքում: Այսպես՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Սակայն, Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի առկա կարգավորման համաձայն կոմիտեի նախագահի տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերից է հրաժարականի դիմում Կառավարություն ներկայացնելը և վերջինիս կողմից այն հաստատվելը: Նման անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ Կոմիտեի նախագահի տեղակալների լիազորությունները դադարելու դեպքերից է վերջիններիս կողմից պաշտոնից ազատվելու գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելը:

Գործող օրենսդրական կարգավորումների պարագայում անհրաժեշտ է կարգավորել նաև Կոմիտեի ծառայողների մրցութային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ դրույթները: Ներկայումս, Օրենքի կարգավորումներից հստակ չէ, թե երբ է իր գործունեությունը դադարեցնում Կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովը:
Նախագծով առաջարկվում է Կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ծառայողների և ինքնավար թափուր պաշտոնների 60 տոկոսը համալրվելուց հետո։

Մեկ այլ նախագծով Գրիգոր Մինասյանը հանդես է եկել որպես հարակից զեկուցող: Առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարել, ըստ որի՝ երդվելուց հետ պատգամավորները Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ: Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:

Գրիգոր Մինասյանը հանձնաժողովին է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայումս՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը նախարարություններին վերապահում է սահմանված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակելու և իրականացնելու իրավասություն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքականության իրականացումը իրենից ենթադրում է նաև քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում, որոնց արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման և քաղաքականության կատարելագործման համար:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում՝ սահմանելով, որ հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում, և նման կերպ հստակեցնել ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ և գնահատում իրականացնելու իրավասությունների առկայությունը:

  • Կիսվել: