երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սարգիս Խանդանյանն է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սարգիս Խանդանյանն է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստում ներկայացրեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

Խանդանյանը 2018 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականին ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով: 2021 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Խանդանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Եվրանեսթ» ԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի համանախագահ:

Իր ելույթում Խանդանյանը նշեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից:

«Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը և արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի  և տեսանելի դարձնելու համար կարևոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը և այդ հարցում լինել խիստ նախաձեռնողական»,- ասաց նա: 

Խանդանյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական օրակարգերին և մեջբերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վերջերս ընդունված ծրագիրը՝ նշելով, որ ամբողջությամբ համակարծիք է:

«ՀՀ և ԼՂ անվտանգության ապահովման միջոցը համակեցության բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր դիտվեն Հայաստանի համար»,-ասաց նա:

  • Կիսվել: