չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի գործով կալանավորված 4 անձ չկա․ փաստաբան

Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի գործով կալանավորված 4 անձ չկա․ փաստաբան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին՝ նշելով, որ կացարանի հրդեհի վարույթով կալանքի տակ է 3 անձ, ոչ թե 4։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։

Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։

Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը»,- գրել է Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում։

 

 

  • Կիսվել: