շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան

Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան

Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

Ըստ Փաշինյանի՝ Կառավարության կամքն այս հարցում ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել, և միլիարդավոր դրամների գույք է վերադարձվել ՀՀ-ին:

«Այսօր ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ, այսինքն՝ այս 530 մլն դոլարի գույքերը և դրամական միջոցներն արդեն իսկ վերադարձված են ՀՀ-ին:

Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերն առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1,7 մլրդ դոլարի գույք այսօր կալանքի կամ արգելանքի տակ է: Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահներին, նախարարներին, համայնքների ղեկավարներին, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ փոխկապակցված մարդկանց: Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են և վերադարձվելու են ՀՀ-ին ու նրա ժողովրդին:

Այս պահին ավելի քան 600 մլրդ դրամի կամ 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքի մասով գործեր են քննվում դատարաններում: Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ԱՕԿՍ-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում»,- ասաց նա:

  • Կիսվել: