հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ. ՄԻՊ

Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ. ՄԻՊ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն այսօր ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հարցրեց, թե Մարդու իրավունքների պաշտպանն ինչ դիրքորոշում ունի Ազգային ժողովի կողմից ընդունված՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիայի վերաբերյալ:

«Ցավոք, այդ կոնվենցիան, հանրության որոշ խմբերի մոտ թյուրընկալումների անհիմն մտահոգությունների տեղիք է տվել։ Ուզում եմ ասեք, թե այդ կոնվենցիան որպես օրենսդրական մեխանիզմ որքանով կնպաստի կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական բռնությունը»,- ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախ ասաց, որ երեխայի համար ավելի լավ միջավայր, քան ընտանիքն է, հնարավոր չէ գտնել:

Ինչ վերաբերում է բռնություններին, նա նշեց, որ, ցավոք սրտի, Հայաստանում արձանագրվում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում։

«Սեռական բռնություն է գործադրվում օտար մարդկանց, չափահասների կողմից։ Դեպքեր կան, երբ կոնկրետ ընտանիքի անդամի կողմից է գործադրվում սեռական բռնությունը։ Հարցին պետք է մոտենալ երեխայի շահի առաջնահերթության և երեխայի շահի կարևորության տեսանկյունից»,- ասաց նա։

Պաշտպանը նշեց, որ խնդրել է իրեն վիճակագրություն տրամադրել և, ըստ այդ տվյալների, Եվրոպայի խորհրդի 47 պետությունների թվում միայն Հայաստանը և Իռլանդիան չեն վավերացրել կոնվեցիան: «Ես հույս ունեմ, որ այդ կոնվեցիան կնպաստի հատկապես քրեական գործով մեխանիզմների կատարելագործմանը»,- ընդգծեց նա:

Հերիքնազ Տիգրանյանն էլ արձագանքեց, որ այս կոնվեցիան որևէ կերպ դեմ չէ ընտանիքին, չի ստեղծում ընտանիքի նոր մոդել, չնայած, որ այն տարբեր որակումներ է ստացել։  

«Հանրությունում հազար ու մի որակումներ ստացավ այս կոնվեցիան և հիմա էլ շրջանառվում է այն տեսակետը, թե այն նպատակ է հետապնդում դպրոցներում քարոզելու այլասերություն, կամ միասեռականություն։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե կոնվենցիայի որ դրույթը կարդալով են մարդիկ եկել այդ եզրահանգման, բայց մեծ ափսոսանք եմ հայտնում, որ նման տեսակետներ արտահայտում են մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, տարբեր կառույցի ղեկավարներ, որոնք կոչված են իրավապաշտպան գործունեություն իրականացնել։ Արդյունքում, ստացվում է այն, որ մարդիկ չունենալով իրավական գիտելիքներ, սկսում են կուրորեն հավատալ դրանց»,- նշեց Հերիքնազ Տիգրանյանը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ Օմբուդսմենի գրասենյակը կունենա իրազեկման քարոզարշավներ՝ փոխելու կոնվենցիայի նկատմամբ հանրային կարծիքը:

Արման Թաթոյանը նույնպես նշեց՝ ակնհայտ է, որ իրազեկման պակասի խնդիր ունեն. «Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ։ Ցանկացած պայմանագրի մշակման ժամանակ պետք է իրազեկման աշխատանքներ տարվեն։ Եթե Կառավարությունն այդ աշխատանքները չի իրականացնում, ապա պարզ է, որ այդ վաակումը լցվելու է ապատեղեկատվությամբ, կեղծ տեղեկատվությամբ, հետևաբար, շատ կարևոր է՝ ճիշտ ինֆորմացիայով «խեղդել» այդ կեղծ տեղեկատվությանը»։

  • Կիսվել: