ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այն, ինչ կատարվում է ԱԺ դահլիճում մաքուր իրավական գործընթաց է ․ Գլխավոր դատախազ

Այն, ինչ կատարվում է ԱԺ դահլիճում մաքուր իրավական գործընթաց է ․ Գլխավոր դատախազ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այսօր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկման ժամանակ հիշեց 2018-ի դեպքերը, երբ նույն գլխավոր դատախազը նույնաբնույթ միջնորդությամբ ներկայացել էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։

«Դուք այն ժամանակ կատարում էիք ակնհայտ քաղաքական պատվեր։ Որքանով այսօր հանրությունը կարող է վստահ լինել, որ ձեր բերած միջնորդությունը կրկին պայմանավորված չէ քաղաքական պատվերով և կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական փոփոխությունների արդյունքում դուք հետ չեք վերցնի ձեր միջնորդությունը»,- դիմելով Գլխավոր դատախազին հետաքրքրվեց Գորգիսյանը։

Ի պատասխան Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հակադրվեց․ «Ակնհայտ քաղաքական պատվեր չէր, պարոն Գորգիսյան, և ես դրա մասին շատ մանրամասն անդրադարձել եմ։ Հանրությունը այսօր էլ կարող է վստահ լինել, որ այն, ինչ կատարվում է ԱԺ դահլիճում մաքուր իրավական գործընթաց է»։ Արձագանքելով այս հայտարարությանը, Գորգիսյանն ասաց, որ հիմքեր ունի պնդելու, որ այժմ էլ Դավթյանը կատարում է նոր քաղաքական էլիտայի ակնհայտ քաղաքական պատվերները։ «Քանի որ ես հիմա գտնվում եմ քաղաքական մարմնում, թեև պրոցեսը իրավական է, այս քաղաքական մարմնում առիթ ունեցել եմ լսելու կարծիքներ, որոնք խիստ սուբյեկտիվ են և որևէ մեկի ցանկության արդյունքն են ուղղակի։ Իրականության հետ աղերս չունեն։ Այդպիսին ձեր խոսքն է»,- ի պատասխան նշեց Դավթյանը։

  • Կիսվել: