կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավտոմեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ էր տեղադրվել, 36-ամյա փարաքարցին մահացել է․Ոստիկանություն

Ավտոմեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ էր տեղադրվել, 36-ամյա փարաքարցին մահացել է․Ոստիկանություն

Հունիսի 23-ին՝ ժամը 11.30-ին, ԱԻՆ «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանին, որը մահացել է:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ համագործակցեցին։ Փոխլրացնող ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում նրանք հաջողության հասան։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։ Պարզվեց նաև ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: