հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը

Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի  դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր անձանց և ներկայանալով որպես Հայաստանում գործող բանկի աշխատակից, տարբեր պատրվակներով խնդրել է վերջիններիս տրամադրել իրենց անձնական տվյալները և հասանելիություն ստանալով նշված անձանց էլեկտրոնային դրամապանակներին, դրանց միջոցով վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և նրանց էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտերից կատարել ընդհանուր 3.993.800 ՀՀ դրամ հափշտակություն, որից հետո գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին հափշտակել է այն:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով, իրականացրել է երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենաների վարորդների անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակների տվյալներին, ինչից հետո այդ դրամապանակների օգտագործմամբ վարորդների անվամբ տարբեր ընկերություններում առցանց եղանակով ձևակերպելով վարկային պայմանագրեր հափշտակել է շուրջ 1.157.800 ՀՀ դրամ:

Այսպիսով իր հանցավոր գործունեության արդյունքում հիշյալ տղամարդը հափշտակել է շուրջ  5.200.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-362-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:

  • Կիսվել: