«Ասել եմ՝ Սերգեյ, հաթաթա ես տալի՞ս, նա եկել էր ինձնից խոսք քաշելու». Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվեց Բարսեղ Բեգլարյանը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստին հարցաքննվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանը:
«2013 թվականի հունվարին Կառավարության կողմից առաջարկվել էր ծրագիր՝ գյուղօգտագործման համար սուբսիդավորված դիզվառելիքի մատակարարման խնդիր, որով Կառավարության անունից հանդես է գալիս Գյուղատնտեսության նախարարությունը: Ես, լինելով «Ֆլեշ» ՍՊԸ-ի համասեփականատեր, որպես աշխատող գրանցված չեմ եղել եւ մինչեւ հիմա էլ գրանցված չեմ այդ հիմնարկում: Ընկերության կառավարումն իրականացնում էր Յաշա Խաչատրյանը, ես նրան վստահել եմ: Նա ժամանակ առ ժամանակ զեկուցում էր իրավիճակի մասին, եթե լինում էր խնդիրներ, ինձ հետ խորհրդակցում էր: Գյուղատնտեսության նախարարությունը շուկայական հարցումներ է իրականացրել մի քանի ֆիրմաների, այդ թվում՝ մեր ֆիրմայի, մեր կողմից էլ առաջարկվել էր գներ: Մեզ նախարարությունը հայտարարել է հաղթող, եւ մենք սկսել ենք մեր գործունեությունը այդ դաշտում: Այն հարցումները, որոնք արվել են նախարարության կողմից համապատասխանաբար Մաքսօիլ, Սոպրանո, CPS ֆիրմաներին»,- պատմեց Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ ինքը համոզված է եղել, որ այդ ծրագրի ծանրության տակ կարող է մտնել. «Որովհետեւ ունեմ երկար տարիների փորձ: Վստահ եմ, որ այդ ծրագրի տակ կարող էին մտնել CPS-ը եւ մենք»:
Գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Բեգլարյանին հարցրեց՝ Յաշա Խաչատրյանն այդ ծրագրի մասին իրեն զեկուցե՞լ է, Բեգլարյանը պատասխանեց. «Խաչատրյանն ինձ տեղեկացրել է, որ կա այդպիսի ծրագիր, հարցրել է՝ ուզո՞ւմ եք մասնակցել, ասել եմ՝ տեսեք, եթե դուք ունեք այդ հնարավորությունը եւ կարող եք, ապա մասնակցեք»:
Դատախազի հարցին՝ արդյո՞ք ծրագրի մանրամասները զեկուցվել է, Բեգլարյանն ասաց. «Այդ ժամանակ ոչ: Հիմա արդեն գիտեմ գործերից»:
Դատախազի հարցին՝ ինքը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, Բեգլարյանն ասաց. «Ծրագրի շրջանակում ոչ, Սերգո Կարապետյանին վաղուց եմ ճանաչում: Գործարարների միության անդամներ էինք: Երկրի ղեկավարության մակարդակով հանդիպում է եղել, եւ այդ հանդիպման ժամանակ խիստ դժգոհություն կար Գործարարների միության կողմից, որ գյուղնախարարը շատ վատ է իրեն դրսեւորում: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց՝ ունե՞ք այնպիսի լավ թեկնածու, բոլորս ասացինք՝ Սերգո Կարապետյանը գործարար է, երաշխիք ենք տալիս, որ լավ կաշխատի: Նրա նշանակումից հետո արդեն շփումներ կային: Ես նրա հետ շփումներում երբեւիցե նման թեմա չեմ բացել: Երբ նա նշանակվել է, ես զանգահարել եմ իրեն եւ ասել, ուզում եմ գնալ իր մոտ եւ շնորհավորել, ես Արցախում գինու եւ կոնյակի մեծ գործարան ունեմ, 10 տարեկան կոնյակը վերցրել ու գնացել եմ իր մոտ»:
Բարսեղ Բեգլարյանը պատմեց՝ երբ հարուցվել էր քրեական գործը, այդ շրջանում Սերգո Կարապետյանը իր հետ հանդիպել է. «Քրեական գործի շրջանակներում երբ ինձ առաջին անգամ կանչել են ՀՔԾ, դրանից մի քանի օր առաջ նա զանգահարում է ինձ, ես այդ ժամանակ հարցաքննվում էի, հեռախոսս թողել էի մեքենայի մեջ, դուրս եմ եկել, տեսել եմ զանգել է, հետ եմ զանգում, ասում է՝ ուզում եմ շտապ հանդիպենք, ես ասում եմ՝ Սերգո, քննչականում եմ, վերջացնեմ, կզանգեմ, կհանդիպենք, վերջացել է հարցաքննությունը, կանչել եմ իմ օֆիս, եկել է, ասում է՝ էդ ծրագրի շրջանակում էսպիսի բան է եղել, հիշո՞ւմ ես, ես ասում եմ՝ Սերգո, էնքան դժվար բան ես ասում, 6 տարի անցել է, ո՞նց հիշեմ, գիտես, որ թամադան Յաշան է, հիմա կկանչեմ, կզրուցեք, ասում է՝ չէ, ես իր հետ գործ չունեմ, քրեական գործ է հարուցվել, ես եկել եմ ասեմ, որ գլխիդ ճարը տեսնես, ասում եմ՝ Սերգեյ հաթաթա ես տալի՞ս, ուլտիմատո՞ւմ ես ներկայացնում, ես քեզ մարդկային ասում եմ՝ եթե ուզում ես տեղեկություն ստանալ, Յաշային կանչեմ, բայց եթե դու մտքիդ դրել ես գնաս մի բան ասես, ապա դա քո պրոբլեմն է»:
Հարցին՝ ինչո՞ւ էր իր մոտ եկել Սերգո Կարապետյանը, Բեգլարյանն ասաց. «Այն ժամանակ չէի հասկացել, բայց հիմա հասկացել եմ: Գուցե եկել էր ինձ հեռախոսով զապիս աներ, տեսներ՝ ես ինչ կխոսեմ, նա ուզում էր ինձանից խոսք քաշեր»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։


