հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ էրիկ Ալեքսանյանը՝ դրան օժանդակելու մեջ

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ էրիկ Ալեքսանյանը՝ դրան օժանդակելու մեջ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքով, իսկ փաստաբան էրիկ Ալեքսանյանին օժանդակություն կատարելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել գրավի միջնորդություն հարուցելու համար։ Այսինքն՝ բովանդակային առումով Էրիկ Ալեքսանյանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է, իսկ ԱԱԾ-ի վարկածով դա ակնհայտ անարդար դատական ակտ է կայացվել Արուսյակ Ալեքսանյանի կողմից, իսկ Էրիկ Ալեքսանյանը օժանդակել է հանցանքի կատարմանը՝ միջնորդություն հարուցելով»,- նշեց Ալեքսանդր Կոչուբաեւը։

Ըստ փաստաբանի՝ մեղադրանքն առնվազն ծիծաղելի է. «Սրա մեջ որեւէ տրամաբանություն չկա։ Սա Էրիկին լռեցնելու փորձ է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից այսօր բերման են ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով անցնում է նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Դատավոր Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։

 

  • Կիսվել: