10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է դատավոր Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից ու մանրամասնում, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:
Նշենք, որ դատական իշխանության ներկայացուցիչն այս գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն է։
Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, պարտավոր լինելով գործի քննությունը և լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել գործի արդարացի քննությունը, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք:
Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: