Արթուր Նահապետյանը վարչապետի կողմից վարույթներին միջամտելու որևէ դեպք չի նկատել
Հակակոռուպցիոն կոմիտեում կան վարույթներ, որոնք քննվել են մի քանի տարի և այս պահին էլ քննվում են և իմ նշանակմամբ առաջնահերթ խնդիր եմ համարել տարիներ շարունակ քննվող վարույթներով վերջնական դատավարական ակտեր կայացնելը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ կոնկրետ քրեական գործերի վերաբերյալ գնահատականներ է տվել, արդյունքներ է պահանջել, ի՞նչ կանի ինքը, եթե վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող քրեական գործերով անցնող մեղադրյալների վերաբերյալ արտահայտի դիրքորոշումներ, նրանց անմեղության կանխավարկածը կասկածի տակ դնի, կհակադրվի՞ նրան, Արթուր Նահապետյանը պատասխանեց. «Ես միջամտելու որևէ դեպք չեմ նկատել իմ պաշտոնավարման ընթացքում համենայնդեպես»:
Նա հայտարարեց, որ որեւէ մտավախություն չունի, որ իրեն եւս SMS-ի միջոցով կազատվեն աշխատանքից, ինչպես իր նախորդին՝ Սասուն Խաչատրյանին: