ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Գևորգյանի կողմից ամերիկյան էմիգրացիոն օրենսդրության ենթադրյալ խախտման հետ կապված խնդիր կա․ Փաստաբան

Արթուր Գևորգյանի կողմից ամերիկյան էմիգրացիոն օրենսդրության ենթադրյալ խախտման հետ կապված խնդիր կա․ Փաստաբան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը InfoPort.am-ի հետ զրույցում ասաց, որ Գևորգյանը ամերիկյան էմիգրացիոն օրենսդրության ենթադրյալ խախտման համար հայտնվել է ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում։

«Որպեսզի լավ պատկերացնեք ամերիկյան օրենսդրությունը, ասեմ, որ օրինակ՝ եթե մարդը ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա է վարում, նրան ազատությունից զրկում են։ Դա նրանց մոտ վարչական իրավախախտում է, բայց դրա համար մարդուն ազատությւոնից զրկում են։ Ես հիմա չեմ կարող մանրամասներ հայտնել, թե ինչ խնդիր է առաջացել Արթուր Գևորգյանի հետ, բայց կարող եմ ասել, որ այն աղմուկը, թե իբր քրեական գործով կալանավորվել է, այդպես չէ։ Նման բան չկա, քրեական գործով նա չի կալանավորվել», -փորձեց հստակեցնել փաստաբանը։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ խնդիր է առաջացել Գևորգյանի հետ, փաստաբանը ի պատասխան նկատեց, որ էմիգրացիոն կանոնների ենթադրյալ խախտում է տեղի ունեցել, որի հետ Գևորգյանը և նրա փաստաբանական խումբը համաձայն չէ։

«Էմիգրացիոն կանոնի խախտումը կարող է լինել վիզային ռեժիմի խախտում, հաշվառման խախտում, ինչ ասես՝ կարող է լինել, ուղղակի այս դեպքի հետ մասնավորեցնել չէի ցանկանա։ Էմիգրացիոն օրենսդրության ենթադրյալ խախտման հետ կապված որոշակի խնդիր կա, բայց անձը չի գտնվում կալանքի տակ։ Իրեն չեն պահում հանցագործություն կատարելու համար։ Փաստաբանական խումբ կա, որը զբաղվում է այդ հարցով և շատ արագ հարցը լուծում կունենա», -ընդգծեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի կողմից իր ուղիղ եթերում Արթուր Գևորգյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին, փաստաբանը չբացառեց, որ դրանց իրավական ընթացք կտրվի։ «Ի՞նչ է նշանակում հանրային հարթակում ելույթ ունենալ ու վիրավորական արտահայտությունների հնչեցնել անձի հասցեին», -նշեց փաստաբանը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմեն նրա հետախուզման շրջանակներում։ Բանն այն է, որ Արթուր Գևորգյանը Հայաստանի իրավապահների կողմից մեղադրվում է ապօրինի հարստանալու և հայտարարագրում ունեցվածքն ու եկամուտները թաքցնելու համար։

Անդրադառնալով ապօրինի հարստացման համար Գևորգյանին առաջադրված մեղադրանքին, փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ այն ահիմն է։

«Անվիճելի ճշմարտություն է, որ Արթուր Գևորգյանը այդ առանձնատունը ձեռք է բերել 2019 թվականի հունվարի 14-ից հետո, այսինքն՝ հայտարարգիր ներկայացնելուց հետո, իսկ գլխավոր դատախազությունը փորձում է շահարկել՝ ասելով, որ հունվարի 10-ին է գնումը կատարվել։ Բայց մեր մոտ եղած փաստաթղթերն ու բանկային փոխանցումների մասին ապացույցները վկայում են, որ առանձնատունը գնվել է մարտի 6-ին և մինչ այդ հայտարարագրված միջոցները բավարար են եղել այդ տունը գնելու համար։ Հիմա էլ դատախազությունն ասում է՝ սպասեք մենք ճշտենք ԱՄն իրավապահներից, քանի որ ձեր ներկայացրած փաստաթղթերին չենք հավատում։ Արդեն քանի ամիս է՝ քրեական գործը առկախված է, սպասում ենք ճշտեն։ Ապօրինի հարստացման մասով մեղադրանքը ես պնդում եմ, որ անհիմն է, ապագա չունի», -ընդգծեց փաստաբանը։

  • Կիսվել: