երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արթուր Դավթյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՌԴ գլխավոր դատախազի առաջիկա այցին վերաբերող հարցեր

Արթուր Դավթյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՌԴ գլխավոր դատախազի առաջիկա այցին վերաբերող հարցեր

Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման խորացմանը և փորձի փոխանակմանը միտված նախանշված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, մասնավորապես նաև ՌԴ գլխավոր դատախազությանը այս ուղղությամբ իրականացվող ակտիվ քայլերի համար և նշել ամենօրյա շփումներով գործընթացի շարունակման մասին:        

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր: 

Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկինն այս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:    

  • Կիսվել: