ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արծվաբերդում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ, մեկ անձ ձերբակալվել է

Արծվաբերդում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ, մեկ անձ ձերբակալվել է

 Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից մարտի 18-ի գիշերը ահազանգել են ոստիկանության Տավուշի բաժին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22։10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին են ահազանգել «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։

 

Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզել են, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում։ Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Միջադեպի մասնակիցներից 26-ամյա տղան, որը Արծվաբերդի բնակիչ է, դանակահարել էր մյուս կողմին։ Վիրավորներից մեկը մահացել էր, մյուսները ստացել էին տարբեր վնասվածքներ։ Տավուշի ոստիկանները օպերատիվ կերպով հայտնաբերել են նաև կասկածյալին։

26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ու ներկայացվել քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

  • Կիսվել: