շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է եկել. փաստաբան

Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է եկել. փաստաբան

Այսօր Պաշտպանության նախարարության շենքի դարպասների մոտ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների անցկացրած ակցիայի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որից հետո Արսեն Ղուկասյանը կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ հավելելով, որ շտապօգնություն է եկել:

՛՛Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է՛՛,-ասել է փաստաբանը։

Նշենք, որ այսօր ծնողներն ու հարազատները հավաքվել էին ՊՆ-ի մոտ և հանդիպում էին պահանջում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: 

Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։

«Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել, ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ ծառայողների ուղղությամբ»,– ասաց Սողոյանը։

Նշենք, որ այս պահին Ղուկասյանին կալանքի են տանում:

Հավելենք նաև, որ անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում: Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:

  • Կիսվել: