ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ 

Կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը ավարտվել էր կեսգիշերին։ Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ դատարանից ակնկալիք չունի. «Դատարանը չի Արմենին ազատողը, հետևաբար` նիստից ակնկալիք լինել չի կարող»,- ասել էր նա:

Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը սկսվել էր շաբաթ օրը` օգոստոսի 12-ին: Այնուհետև հետաձգվել էր, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ էր ներկայացրել՝ ընդհանուր 23 ժամ տևողությամբ։

Միջնորդության քննությունը վերսկսվել էր օգոստոսի 14-ին` 12:30-ից, ապա նորից հետաձգվել մինչև 18:30-ը: Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ հարցաքննությունների տեսաձայնագրությունների միայն կեսին էր Արմեն Աշոտյանը հասցրել ծանոթանալ: Աշոտյանը հայտնաբերել էր լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև և անհրաժեշտություն կար մինչև վերջ դիտելու դրանք, այդ պատճառով էր հետաձգվել նիստը:

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց միջնորդության քննության մեկնարկից մինչև հիմա հավաքվել են Աշոտյանի աջակիցները, որոնց թվում են նաև մի շարք քաղաքական գործիչներ:

  • Կիսվել: