կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց, այն կշարունակվի երկուշաբթի․ Պաշտպանը մանրամասներ է հայտնում

Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց, այն կշարունակվի երկուշաբթի․ Պաշտպանը մանրամասներ է հայտնում

Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման մասին միջնորդությունը հասցեագրված էր ոչ թե Հակակոռուպցիոն դատարանին, այլ՝ Երևանին դատարանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքերով, դա իմանալուց հետո, երբ դատավորից պահանջել են միջնորդությունը թողնել առանց քննության, վերջինս ասել է, որ դա տեխնիկական վրիպակ է: Աթանեսյանն ասաց, որ այս հարցի վերաբերյալ անպայման դիմելու են պատկան մարմիններին, որպեսզի դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի, քանի որ վերջինս վարույթ է ընդունել մի միջնորդություն, որն իրեն չէ հասցեագրված:

 

Աթանեսյանը նաև հայտնեց, որ այսօրվա նիստի ժամանակ բացարկ են հայտնել դատավորին՝ հաշվի առնելով այն, որ դատավորի հայրն ու եղբայրը ժամանակին, Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, ենթարկվել են հալածանքների նախկին իշխանությունների կողմից: Դատավորն իր հերթին այդ ժամանակ եղել է փաստաբան:

Դատավորը մերժել է բացարկը՝ հայտնելով, որ Աշոտյանը չի եղել քննիչ, դատախազ, կամ դատավոր:

Նիստը հետաձգվել է, այն կշարունակվի երկուշաբթի:

Աթանեսյանը նշեց, որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9-ը ձայնասկավառակ, ինչի մասին ինքը չի իմացել: Այդ ձայնասկավառակների ընդհանուր տևողությունը 23 ժամ է, հիմա քննիչը պետք է ապահովի, որպեսզի Արմեն Աշոտյանն այդ ամեն ինչին ծանոթանա:

Միջնորդության բուն քննություն այսօրվա նիստում տեղի չի ունեցել:

  • Կիսվել: