հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժածի վիճակը ծանր էր: Ոստիկաններին հաջողվեց միայն ճշտել, որ դեպքը տեղի էր ունեցել Արաքս գյուղում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակերում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածը կենցաղային վեճ է ունեցել 69-ամյա մի տղամարդու հետ, որն էլ դանակի մի քանի հարված է հասցրել նրան:
Հիվանդանոցային ահազանգից մեկ ժամ էլ չանցած` 69-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց արարքը:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է, վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:

Հիվանդանոցային մի հաղորդում էլ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց դեկտեմբերի 15-ին: Ժամը 23.20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ թափանցող ծանր վնասվածքով բուժօգնության են բերել Արմավիր քաղաքի բնակիչ երկու երիտասարդի՝ երկուսն էլ 18 տարեկան:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ահազանգից մոտ կես ժամ անց Արմավիրի 6-րդ դպրոցի դիմաց տուժած երիտասարդները կենցաղային հարցերի շուրջ վիճել էին 20-ամյա երկու երիտասարդի հետ, իրար հարվածել, այդ ընթացքում էլ 20-ամյա երիտասարդներից մեկը գործի էր դրել մոտը եղած գաղտնի փականով դանակը` տղաներին պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ:
Գիշերվա ժամը մեկին մոտ դանակահարող երիտասարդը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հանցագործության գործիքը, որն առգրավվել է: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը:
Երիտասարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: