ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում ինքնավնասում անողը բուժանձնակազմի հսկողության տակ է. մանրամասներ

«Արմավիր» ՔԿՀ-ում ինքնավնասում անողը բուժանձնակազմի հսկողության տակ է. մանրամասներ

Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ.Բ-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները:

Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և կարող է վնասակար հետևանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ.Բ-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման, սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ.Բ-ին տրամադրվել է թերապևտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:

«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով կալանավորված անձանց և դատապարտյալներին:

  • Կիսվել: