չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արման Թաթոյանը՝ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշման մասին

Արման Թաթոյանը՝ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու կառավարության որոշումը: 

 

«Սկզբում կառավարությունն առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնցից մեծ մասը ԵՄ միջոցների հաշվին հատկացված մեքենաներն էին, հետո, չսպասելով մեր կարծիքին, առաջարկվեց կառավարության որոշմամբ վերցնել 7-ը: Դրանից հետո սկզբունքային առարկություններ ներկայացրինք, որ դա լուրջ խոչընդոտ է լինելու մեր աշխատանքներին, որովհետև մեր ընդհանուր մեքենաների 80-90%-ն էր կազմելու: Տարբեր քննարկումների արդյունքում որոշվեց 3-ը վերցնել»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր տեղերում իրականացվում են մեքենաների կրճատումներ և դա լավ է, որովհետև պետք չեն շատ մեքենաներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը գլխավորապես գաղտնի են լինում:

«Գնում ենք քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ, ոստիկանության բաժիններ, տուն-ինտերնատներ, սահմանամերձ բնակավայրեր, այդ այցերը գլխավորապես գաղտնի են: Եթե գնում ենք ոստիկանության բաժին, ստուգումների, ինչպես մեքենա պատվիրենք, որ ամբողջ աշխարհն այդ մասին իմանա: Կամ ինչպես ենք պատկերացնում՝ ինչպես են լինելու արագ արձագանքման այցերը: Մեր վարորդներն, անգամ, պարտավորություն ունեն պահպանելու այն տեղեկությունը, որը մենք հայտնաբերում ենք»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

  • Կիսվել: