հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արման Թաթոյանը խոսել է. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՄԻՊ-ը լռել է

Արման Թաթոյանը խոսել է. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՄԻՊ-ը լռել է

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարձակման ենթարկվեցին կառավարության շենքը, ԱԺ շենքը, ինչպես նաև Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ բռնությունները դատապարտման չարժանացավ նույնիսկ ՄԻՊ-ի կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որը հրապարակվեց հայտնի դեպքերից անմիջապես հետո՝ ոչ աշխատանքային ժամի՝ 06:57-ին: Տեղադրում ենք նաև ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:

«Սիրելի հայրենակիցներ,

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը:

Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:

Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ:

Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում:

 

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան:

Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին:

Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին»:

  • Կիսվել: