ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արդեն 3 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում չէ

Արդեն 3 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում չէ

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը մեղադրվում է մի քանի ծանր հանցագործությունների համար, տևական ժամանակ «Երևան» ՔԿՀ-ում չէ։ Բանից պարզվում է Խաչատրանը շուրջ երեք ամիս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։  InfoPort.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայության պատասխանատու Նոնա Նավիկյանը։

«Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում չէ։ Նա «Աստղիկ» բժշկական կենտրոնում է, բուժում է ստանում», - մեզ հետ զրույցում ասաց Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ինչու՞ է այսքան երկար ժամանակ բժշկական կենտրոնում, Նավիկյանը պատասխանեց. «Երբ բժիշկների ցուցումով դուրս գրվի, այդ ժամանկ էլ կտեղափոխվի ՔԿՀ»։

«Աստղիկ» բժշկական կենտրոնից մեզ հրաժարվեցին ներկայացնել, թե ինչ բաժանմունքում և ինչ խնդիրներ ունի Գագիկ Խաչատրյանը՝ պատճառաբանելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը։ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը չպատասխանեց մեր զանգերին։ Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բուժհաստատություն տեղափոխվել էր դեռևս հունվարիին։ Խաչատրյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով` նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

  • Կիսվել: