երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդարադատության նախարարության Ապարանի պետռեգիստրի պետ Հարություն Ղազարյանի տունը խուզարկել են․ հայտնաբերվել է թմրանյութ

Արդարադատության նախարարության Ապարանի պետռեգիստրի պետ Հարություն Ղազարյանի տունը խուզարկել են․ հայտնաբերվել է թմրանյութ

Արդարադատության նախարարության Ապարանի պետռեգիստրի պետ Հարություն Ղազարյանի տունը խուզարկել են, հայտնաբերվել է թմրանյութ։
Ավելին՝ ArmLur․am-ին հասած տեղեկություների համաձայն՝ Ղազարյանը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել այլ անձից: Ի դեպ՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնյայի մեքենայից գտել են 5,0 գրամ դեղնականաչավուն զանգված, էլեկտրոկան կշեռք և կաթուցիչ:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 31-ին, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կասեցնել թմրանյութի իրացումը» անունը:

Հուլիսի 31-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով՝ ձերբակալում և ոստիկանության Ապարանի բաժին են տեղափոխում Արագածոտնի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Ղազարյանին, 36-ամյա Ահարոն Սաֆարյանին և 37-ամյա Հարություն Հովակիմյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում Հ. Ղազարյանը հայտարարել է, որ իր ավտոմեքենայի մեջ եղած կանեփանման չորացրած զանգվածը գումարի դիմաց գնել է Հ. Հովակիմյանը և նույն օրը փոխանցել է իրեն՝ իր օգտագործման համար:

Հ. Հովակիմյանը ենթարկվել է անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Ապարանի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ Հ. Հովակիմյանը նշված թմրամիջոցը գնել է Աշտարակ քաղաքում, ոմն Հայկից՝ 40 հազար դրամով:

Կարճ ժամանակում Ապարանի ոստիկանության քրեական հետախուզությունում օպերատիվ տվյալներով՝ պարզում են Հայկի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Հայկազ Կիրակոսյանն է, ում Ապարանի ոստիկանները հայտնաբերում են Աշտարակ քաղաքում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին:

Դեպքի փաստով՝ ոստիկանության Ապարանի բաժնում կազմվում են փաստաթղթեր, և նշված անձինք փաստաթղթերով ներկայացվում են Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Երեկ՝ օգոստոսի 3-ին, քննիչը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Կիրակոսյանի նկատմամբ:

Դատավոր Էդգար Կարապետյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, և Հ. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

  • Կիսվել: