երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արդարադատության նախարարն անդրադարձել է «Եռաբլուրում» սևազգեստ մայրերի մասնակցությամբ միջադեպին

Արդարադատության նախարարն անդրադարձել է «Եռաբլուրում» սևազգեստ մայրերի մասնակցությամբ միջադեպին

«Կարող եմ վստահեցնել, որ ոստիկանությունը քաղաքական հրահանգներով չի գործում։ Մենք գիտենք, որ վերջին տարիներին, եթե ոստիկանությունը քաղաքական հրահանգներով գործի, դա կլինի  օրենքի կոպիտ խախտում»,- լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ  «Եռաբլուրում» զոհված հերոսների ծնողների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպին։ 

«Ինքներս հիմա աշխատում ենք ոստիկանության բարեփոխումների վրա, ոստիկանությունը կա և լինելու է ապաքաղաքական մարմին։ Երբեմն ոստիկանները նաև քաղաքական իրավիճակներում են հայտնվում, և նման իրավիճակներում հայտնվելը չի նշանակում, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը նրանց  հանձնարարում է, թե ինչպես գործեն։ Լինում է ինքնագործունեություն, լինում են սխալներ, բացթողումներ, որոնց համար նաև կառավարությունը և պետությունը ներողություն են խնդրում բոլոր քաղաքացիներից»,- նշեց նախարարը։ 

Նրա համոզմամբ՝ երեկվա դեպքի առթիվ ոստիկանությունը կիրականացնի շատ մանրակրկիտ ներքին քննություն։

Հարցին, թե ոստիկանության ծառայողների գործողություները չե՞ն համարվում մարդու իրավունքների խախտում, նա պատասխանեց․ «Մարդու իրավունքները ոտնահարելը հասկանալու համար, ես պետք է ծանոթանամ բոլոր գործողությունների բոլոր մանրամասներին։ Նման գնահատական կարող է տալ կամ ոստիկանությունը, կամ դատարանը կամ ՄԻՊ-ը։ Որպես գործադիրի ներկայացուցիչ ցավ եմ ապրել տեսնելով, որ իրավիճակը լարվել է այն էլ այսպիսի սրբավայրում, և սպասում եմ ոստիկանության արձագանքին»։

  • Կիսվել: