երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
 Արցախում հաշվառված քաղաքացիները հարվածել են ոստիկանի մեքենային, ապա փորձել փախչել

Արցախում հաշվառված քաղաքացիները հարվածել են ոստիկանի մեքենային, ապա փորձել փախչել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որն իրացրին Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների գործընկերների հետ: Հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 4.30-ին, Կապանի Ձորք թաղամասի բենզալցակայանում իրավապահները կանգնեցրին Արցախում հաշվառված 56-ամյա մի տղամարդու վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ կար երկու ուղևոր:

Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, փախուստի փորձ արեց` մեքենայով հարվածելով ոստիկանական «Նիվային» և էլի երկու մեքենայի: Քանի դեռ «ԳԱԶ-24-ը» աքցանի մեջ էր, ոստիկաններին հաջողվում է մեքենայից հանել ուղևորներին` նույնպես Արցախում հաշվառված 45 և 55 տարեկան տղամարդկանց: Սրանից հետո էլ փախուստը շարունակող վարորդը «ԳԱԶ-24-ով» բախվում է բենզալցակայանի պատին:

Իրավիճակը վերահսկելի դարձնելուց հետո իրավապահները զննեցին ուղևորներից մեկի պայուսակը, որի մեջ հայտնաբերվեց մարիխուանա և էլեկտրոնային փոքր կշեռք:

Երեքն էլ ձերբակալվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց «Վոլգան»: Հայտնաբերվեց 500 գրամ ափիոն և 455 գրամ հաշիշ:

Ուղևորներից 45-ամյա տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է: Խուզարկություն կատարվեց նաև Երևանում գտնվող նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեցին մարիխուանա և սուբուտեքսի կտորներ:

Երեք տղամարդն էլ կալանավորվել են, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: