ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և իրացնելու առթիվ քննվում է 50 քրգործ. դատախազություն

Արցախից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և իրացնելու առթիվ քննվում է 50 քրգործ. դատախազություն

2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում, դրանցով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու, ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերքի առկայությունն ստուգելու նպատակով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է:

Նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար: Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:        

 

2020 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ քննվող նշված քրեական գործերով 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (1-ի նկատմամբ կալանավորումը հետագայում վերացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից), 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ դատախազությունը, դիմելով այն քաղաքացիներին, որոնք կարող են ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած լինել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր՝ կոչ է անում դրանք ինքնակամ հանձնել ՀՀ ոստիկանություն, ինչը համապատասխան հիմքերի դեպքում, հանգեցնում է քրեական պատասխանատվությունից ազատվելուն: Քաղաքացիական նման պատասխանատու կեցվածքն էականորեն կնվազեցնի հանրապետությունում հանցածին ռիսկերը, կկանխի կամ կնվազեցնի հրազենի կիրառմամբ հնարավոր հանցագործությունների կատարումը:

Հակառակին միտված վարքագիծն արժանանալու է կոշտ իրավական գնահատականի և հանգեցնելու է ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխող, պահող կամ իրացնող անձանց քրեական խիստ պատասխանատվության:

Հիշեցնենք, որ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու ուղղությամբ անհապաղ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի վաղ գրություններ էր հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին։

  • Կիսվել: